SPITAK HELSINKI GROUP HUMAN RIGHTS NGO

The media and us

Կնասպանությունը հանցագործություն է․«Անարձագանք բռնություն. կնասպանությունը Հայաստանում» 2022-2024թթ․ զեկույց

Հոկտեմբերի 1-ին՝ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»- ն կլոր սեղան-քննարկում էր հրավիրել։ Քննարկման հիմնական թեման՝ կանանց նկատմամբ շարունակվող բռնություններն ու դրանց հետևանք սպանությունները։ Ներկայացվեց «Անարձագանք բռնություն. կնասպանությունը Հայաստանում» 2022-2024թթ․ զեկույցը։

Քննարկման մասնակիցները պետական ու քաղհասարակության ոլորտի, նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներ էին։

Գենդերային հարցերով հետազոտող, միջազգային և եվրոպական համեմատական իրավունքի մասնագետ Ստելլա Չանդիրյանը մանրամասնեց զեկույցում ամփոփված տվյալները։

Ըստ Ստելլա Չանդիրյանի՝ մեր հասարակությունը դեռևս կնասպանությունը որպես հանցագործության տեսակ չի ընկալում, մինչդեռ դա շատ կարևոր է՝ համարժեք իրավական գնահատական տալու և հասարակության ընկալումները հանցագործ ամուսնու կամ զուգընկերոջ նկատմամբ հստակեցնելու։

Կոալիցիայի տվյալներով տարեկան միջինը արձանագրվում է կնասպանության 10-20 դեպք՝ գենդերային հիմքով։ Այս ցուցանիշը չի բնութագրում կնասպանության իրական պատկերը, որովհետև դրա ներքո շատ հաճախ դիտարկվում են ինքնասպանության, կամ դրան դրդելու դեպքերը։

    Զեկույցի ներկայացմանը հաջորդեց պանելային քննարկումը՝ «Կնասպանությանն արձագանքման առկա համակարգային մեխանիզմները և փորձառությունը» խորագրով։ Քննարկման մասնակիցների թվում էին ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արուս Հայրապետյանը, ՆԳՆ Հոգեբանական  և մասնագիտական մեթոդական աջակցության վարչությունից գնդապետ Էդգար Պետրոսյանը, «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի ներկայացուցիչ Գոհար Վարդանյանը և «Կանանց աջակցության կենտրոն»-ի ղեկավար Մարո Մաթոսյանը։

Քննարկման մասնակից քահասարակության ներկայացուցիչները կարծիք հայտնեցին, որ կանխարգելիչ գործառույթներ ունեցող պետական օղակներում առկա բացերի հետևանքով է, որ խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը դեռևս բավարար չեն համարվում, մասնավորապես՝ ոստիկանության ու դատաիրավական համակարգում։  «Կանանց աջակցության կենտրոն»-ի ղեկավար Մարո Մաթոսյանն էլ առանձնացրեց ոլորտին առնչվող համապատասխան որակավորում ունեցող կադրերի պակասը, ինչը ևս բացասաբար է ազդում գործադրվող ջանքերի վրա։

   Կնասպանություն եզրույթը քրեաիրավական տեսանկյունից դեռևս սահմանված չէ, մինչդեռ այն շատ կարևոր է՝ իրավական պատշաճ գնահատական տալու տեսանկյունից։

Ընդգծվեց կնասպանությունը որպես սպանության առանձին տեսակ դիտարկելու և հստակ վիճակագրություն վարելու կարևորությունը, հանցագործության պատճառնելում կնոջը վարքագիծը չթիրախավորելու ավանդական ձգտումները, որոնց պատճառով է, որ շատ հաճախ կնասպանները չեն արժանանում համարժեք իրավական պատժի կամ մեղմ պատիժ են կրում։

**************************

Հիշեցնենք՝ 2010թ. հոկտեմբերի 1-ին ամուսնու կողմից դաժան ծեծի հետևանքով սպանվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Դեպքը ստիպեց ընտանեկան բռնության խնդրով մտահոգ հասարակական կազմակերպություններին միավորվել ու ստեղծել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որը 10 տարուց ավել  պայքարում է ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրական դաշտի բարելավման, կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման և կնասպանության դեպքերով՝ արդար դատաքննության համար։

Ամեն տարի հոկտեմբերի 1-ը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան նշում է որպես Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր։

Նպատակ ունենալով որպես քաղաքականություն մշակող մարմնի՝ ՀՀ կառավարության ուշադրությունը հրավիրել կանանց նկատմամբ բռնության խնդիրների վրա, որպեսզի գործադրվեն առավելագույն ջանքերը՝ կանանց հանդեպ բռնության և, ընդհանրապես, ընտանեկան բռնության դեմ պայքարի միջազգային և ներպետական իրավական փաստաթղթերի վավերացման ու բարելավման ուղղությամբ։  Ավանդաբար, միջոցառումն ամփոփվում է մոմավառությամբ՝ ի հիշատակ սպանված կանանց։

You can help us

If you like the work we have done and would like to support us in expanding our practice, you can make a voluntary donation.

❤️ Donate