SPITAK HELSINKI GROUP HUMAN RIGHTS NGO



Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել արտ-թերապևտիկ հանդիպում՝ «Իմ ապագայի գույները» խորագրով՝ միտված ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների իրազեկմանը և ինքնաճանաչողության բարձրացմանը։
Մասնակցել են Լոռու մարզում բնակվող ԼՂ-ից տեղահանված շուրջ 10 փախստական կին։ Մեկուկես ժամվա ընթացքում նրանք կարողացել են լիցքաթափվել, գեղեցիկ կոլաժներ հավաքել ու ապագայի տեսլականները գծագրել։
Կանանց հետ աշխատել է ՀԿ հոգեբան Աննա Աթաբեկյանը, ում խոսքով արտ-թերապևտիկ աշխատանքը ստեղծում է վստահելի ու փոխաջակցող միջավայր, որի շնորհիվ մասնակից կանայք ազատորեն արտահայտում են իրենց զգացմունքները, մտքերը, նաև կիսվում ապագայի՝ իրենց երազանքներով, որոնք պատկերել են գույնի, պատկերների ու խորհրդանիշների լեզվով։
Կանայք նախնական տեղեկություններ են ստացել՝ ինչ է կոլաժն ու ինչու է այն պատրաստվում։ Կանանցից յուրաքանչյուրը մեղմ ու լիցքաթափող երաժշտության ներքո հավաքել է ապագայի իր կոլաժն ու ներկայացրել խմբին։ Այնուհետ կանայք միասին քննարկել են նաև գույների ու ապագայի գլխավոր երազանքը խորհրդանշող պատկերների ու սիմվոլների ընտրության հարցերը։ Հանդիպման շնորհիվ կանայք վիզուալացրել են իրենց ապագայի դրական սցենարները։ Աննա Աթաբեկյանի խոսքով՝ այս մեթոդիկան մեծապես նպաստում է ինքնաճանաչման և սեփական ներուժի գիտակցմանը՝ արդյունքում նաև ստեղծագործական ներուժի բացահայտմանը:
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից։
Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ սեփական իրավունքների մասին գիտելիքի և իրազեկության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկության հասանելիության ապահովման միջոցով։


If you like the work we have done and would like to support us in expanding our practice, you can make a voluntary donation.