2011թ իրականացրել ենք «Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագիրը
2010թ. հոկտեմբերի 5-ին Սպիտակ քաղաքում տեղի ունեցավ ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի (այսուհետ նաև Հանձնաժողով) արտագնա նիստը: Նիստի ընթացքում Հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 20 արձանագրությունը, որով որոշում կայացվեց թվով 79 ընտանիքների չընդգրկել 2010թ. պետական ծրագրի շրջանակներում կառուցված բնակելի տուն ստանալու իրավունք ունեցող անձանց հերթացուցակում:
Այս որոշման կայացումից հետո հերթացուցակում չընդգրկված քաղաքացիների մի մասը դիմեց մեր կազմակերպություն` աջակցության խնդրանքով:
Կազմակերպությունը, քաղաքացիների գործերն ուսումնասիրելուց հետո պարզեց, որ այդ քաղաքացիների բողոքները տեղին են և նրանցից շատերը բնակարան ստանալու իրավունք ունեն:
Ծրագրի խնդիրներն էին`
- Ուսումնասիրել հանձնաժողովի կողմից «Սպիտակ քաղաքի և հարակից գյուղական համայնքների բնակարան ստանալու իրավունք ունեցող ընտանիքներին հերթացուցակում չընդգրկելու մասին» ընդունված որոշումները
- Բացահայտել օրենքի խախտմամբ ընդունված որոշումները
- Աջակցել հերթացուցակից դուրս մնացած ընտանիքների իրավունքների վերականգնմանը:
- Ծրագրի ավարտին ակնկալվում էր առնվազն 20 ընտանիքի աջակցել իր բնակարանային իրավունքների վերականգնման գործում: