Ընթացիկ ծրագրեր, Ծրագրեր

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Աշխեն Բաբայանն ու իրավաբան Արևհատ Պետրոսյանը «Ընտանեկան բռնությունը կանխելու համատեղ ուղիների ձևավորում» թեմայով երկօրյա հանդիպումներ են իրականացրել Տավուշի  մարզի Բերդ, Իջևան, Դիլիջան և Գանձաքար համայնքների  կանանց համար՝ «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրոպական միությունը։

Հանդիպումների առաջին օրը մասնակիցները լրացրել են նախնական գիտելիքները գնահատող ստուգաթերթ, որը հնարավորություն տվեց հասկանալու, թե ինչ պատկերացումներ ու գիտելիքներ ունեն կանայք ընտանեկան բռնության վերաբերյալ։ Այնուհետև, փորձագետ Արևհատ Պետրոսյանը խոսել է ընտանեկան բռնության հասկացության, դրա տեսակների և իրավական կարգավորումների մասին։ Բոլոր համայնքներում հանդիպումներն ուղեկցվել են առողջ ու հետաքրքիր քննարկումներով։

 

 

 

 

 

 

Բերդ համայնքում կանայք շատ արագ ներգրավվեցին թեմայի քննարկմանը, պատմեցին դեպքեր, որոնք պատահել էին իրենց տատիկների ու նրանց հասակակիցների հետ։ Համայնքի կանայք նշեցին, որ, ցավոք, նման դեպքերը շատ են, ու ընտանեկան բռնության թեման շարունակում է արդիական մնալ։ Իջևանի հանդիպման ժամանակ որոշ մասնակիցներ ականատես էին եղել ընտանեկան բռնության և անձամբ կանխել էին դրա հետագա, առավել վտանգավոր զարգացումները։ Նոյեմբերյանի, Գանձաքարի և Դիլիջանի մասնակից կանայք մեծ ոգևորվածությամբ էին մասնակցում քննարկումներին՝ կիսվելով  նույնիսկ անձնական դեպքերով։ Մասնակիցները նաև տեղեկացվել են SAFE YOU բջջային հավելվածի մասին ու ստացել հավելվածի մասին  պատմող տեղեկատվական թերթիկներ։ Հանդիպումների  վերջին օրը մասնկացիկները դարձյալ լրացրել են նույն ստուգաթերթը, որի արդյունքները ցույց տվեցին, թե որքան արդյունավետ էին նման շրջայցերը։ Կանայք ակնհայտորեն հարստացրել էին իրենց գիտելիքները, իսկ նրանցից ամենաակտիվները ստացան մասնակցության վկայականներ։

Հիշեցնենք, որ Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագրի շրջանակներում հանդիպում-քննարկումներ են իրականացվելու նաև Շիրակի մարզի հինգ  համայնքներում։

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

#EU4Armenia #StopGBVinArmenia #ՈՉգենդերայինբռնությանը #CSVW #SHG