Մարտի 14-ին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ թիմի, «Սպիտակի ակտիվ երիտասարդներ» նախաձեռնության և Սպիտակի մտահոգ քաղաքացիների կողմից դիմում-բողոք գրվեց և ուղարկվեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին։
Դիմում-բողոքը կարող եք կարդալ ստորև․
ՀՀ տրանսպորտի, կապի և
տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարար Հակոբ Արշակյանին
Հարգելի՛ պարոն նախարար,
«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ են դիմել մեծ թվով սպիտակցիներ, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Սպիտակում տրանսպորտի կառավարման, ճանապարհների անմխիթար և բարձիթողի վիճակի և ճանապարհային անվտանգության խնդիրների վերաբերյալ:
Մասնավորապես՝
- Սպիտակում օրենքով սահմանված կարգով հետիոտնային անցումների ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող տարրերի համակարգը իսպառ բացակայում են, ինչպես նաև չկան լուսակիրներ;
- Մանկապարտեզ և դպրոց հաճախող երեխաների անվտանգությունը բացարձակ անուշադրության է մատնված վերոնշյալ պատճառների, ինչպես նաև ոստիկանության (այդ թվում՝ ՃՈ) անգործության և համայնքային իշխանությունների անուշադրության հետևանքով: Ցավով փաստում ենք, որ վերոնշյալ խնդիրները արդեն հանգեցրել են սարսափելի հետևանքների՝ երեխաների մահվան և առողջական ծանր վնասվածքների դեպքերով:
- Սպիտակի հենց կենտրոնով անցնող Մ3 միջպետական մայրուղին գերծանրաբեռնված է հատկապես մեծ բեռնատար մեքենաներով, որոնք կայանում են հենց քաղաքի կենտրոնում՝ մարդաշատ վայրերում՝ էլ ավելի դժվարացնելով երթևեկությունը և ստեղծելով վթարային իրավիճակներ: Հարկ ենք համարում շեշտել, որ բեռնատարները անչափ աղտոտում են քաղաքի օդը:
- Քաղաքի շատ վայրերում կա´մ չկան մայթեր, կա´մ եղածներն էլ գտնվում են ոչ բարվոք վիճակում՝ առանց ջրահեռացման համակարգի և հաշմանդամություն ունեցող անձանց համար համատասխան թեքահարթակների:
- Մայրուղու վրա կան մի շարք վթարային հենապատեր՝ Սուրեն Ավետիսյան 19 շենքի դիմացի առաջ եկած և համարյա փլուզված հենապատը՝ սեղմելով մոտակա գազատար խողովակին և առաջացնելով պայթյունավտանգ իրավիճակ, ինչպես նաև ոստիկանության հարևանությամբ գտնվող և օր օրի քանդվող հենապատը, որը անասելի վտանգ է ներկայացնում երթևեկող մեքենաների համար:
Հաշվի առնելով վերը նշված անհապաղ լուծում պահանջող խնդիրները «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն և վերոնշյալ խնդիրներով մտահոգված քաղաքացիներս պահանջում ենք՝
- Սպիտակում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող տարրերի համակարգը հասցնել բավարար մակարդակի, հարկ եղած դեպքում տեղադրել լուսակիրներ, արագաչափեր և ճանապարհային անհարթություններ: Սուրեն Ավետիսյան — Թորոսյան խաչմերուկում կառուցել վերգետնյա անցում՝ ներառելով հաշմանդամություն ունեցող անձանց համար կահավորանք:
- Ապահովել մանկապարտեզ և դպրոց հաճախող երեխաների անվտանգությունը՝ համագործակցելով ոստիկանության (այդ թվում՝ ՃՈ), կրթության և գիտության նախարարության և Սպիտակի համայնքապետարանի հետ:
- Միջոցներ ձեռնարկել քաղաքը մեծ բեռնատարներից բեռնաթափելու, նրանց երթևեկությունը կանոնակարգելու, շրջակա միջավայրի խնդիրներին ուշադրություն դարձնելու և լուծումներ առաջարկելու համար՝ համագործակցելով Սպիտակի համայնքապետարանի, բնապահպանության նախարարության և այլ պատկան մարմինների հետ:
- Անհապաղ միջոցներ ձեռնարկել հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժը բավարար մակարդակի հասցնելու՝ համապատասխան վայրերում թեքահարթակներ կառուցելով: Նաև անհապաղ լուծել ջրահեռացման խնդիրները: Աղետից բզկտված սպիտակցին իրավունք ունի կյանքի տանելի պայմաններ ունենալու:
- Անհապաղ միջոցներ ձեռնարկել նորոգելու մայրուղու հենապատերը և ապահովելու բնակչության անվտանգությունը:
Հարգանքով՝
«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ թիմ
«Սպիտակի ակտիվ երիտասարդներ» նախաձեռնություն
Սպիտակի մտահոգ քաղաքացիներ