Այսօր ուզում ենք մի փոքր պատմել «Աղբի տեսակավորում» ծրագրի մասին, որի գաղափարն առաջարկվել է Սպիտակի Ս.Ավետիսյանի անվան ավագ դպրոցը ներկայացնող «ՍՊԻՏԱԿթիմ»-ի կողմից:
Թիմի անդամները հինգ աղջիկներ են՝
Անի Խաչատրյան
Վիոլետա Աղամալյան
Արևիկ Պետրոսյան
Սվետլանա Թորոսյան
Արմինե Համբարյան
Թիմի մենթոր՝ Կարինե Քարամյան
«Աղբի տեսակավորում» ծրագրի գաղափարական մասը մշակվել է UPSHIFT Հայաստան դեռահասների աջակցման և զորակցման պիլոտային ծրագրի շրջանակներում:
UPSHIFT Հայաստան ծրագրի նպատակն է՝ նպաստել Հայաստանում 12-18 տարեկան դեռահասների նախաձեռնողականության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը՝ վերջիններիս ներգրավելով իրենց համայնքների կյանքի որակի բարելավմանն ուղղված գործընթացների մեջ:
Այն իրականացրել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ:
Սպիտակում ծրագրի իրականացմանն աջակցում է Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը:
Թիմի անդամները պատմում են.
«Ամիսներ առաջ մենք հայտ ներկայացրեցինք մասնակցելու UPSHIFT Հայաստան դեռահասների աջակցման և զորակցման ծրագրին: Մեր գաղափարն ընտրվեց գաղափարների լավագույն տասնյակի մեջ և մեր թիմը հնարավորություն ստացավ մասնակցելու Գյումրիում անցկացվող UPSHIFT ծրագրի առաջին փուլին, որի ընթացքում ներկայացրեցինք մեր գաղափարը և մասնագետների օգնությամբ անցկացվող դասընթացի արդյունքում ձեռք բերեցինք մեզ անհրաժեշտ բոլոր գիտելիքները, որոնք պետք է կիրառեինք ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում:
Մայիսին տեղի ունեցավ UPSHIFT Հայաստան ծրագրի երկրորդ փուլը՝ 2-օրյա բութքեմփը (ինտեսնիվ թրեյնինգ): Այս անգամ արդեն ժյուրիին ներկայացրեցինք մանրամասն պլանավորված ծրագիրը, որի վրա արդեն մեկ ամիս է՝ ինտենսիվ աշխատում էինք մեր մենթորի հետ՝ գաղափարները դարձնելով ծրագիր, որտեղ ներառել էինք թե՛ խնդրի վերլուծություն, թե՛ բյուջեի հաշվարկ, թե՛ հնարավոր համագործակցությունների սխեմա:
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ՀԿ-ն հատուկ մրացանակ (ֆինանսավորում) շնորհեց Սպիտակի թիմին, և մենք շարունակեցինք մեր աշխատանքը UPSHIFT Հայաստան ծրագրի շրջանակից դուրս:
Ֆինանսավորումը ստանալուց հետո անցանք ծրագրի իրականացմանը:
Այսպիսով, մեր ծրագիրը «Աղբի տեսակավորում»-ն է:
Ծրագրի նպատակն է նպաստել Սպիտակ քաղաքում աղբի տեսակավորման մշակույթի ձևավորմանը:
Ծրագրով նախատեսված է տեսակավորել թուղթ և պլասիկ:
Պատրաստել ենք 3 թափոն-աման պլաստիկ շշերի և 16 թափոն-աման թղթի համար: Պլաստիկ շշերի համար նախատեսված թափոն-ամանները տեղադրված են քաղաքի կենտրոնական մասերում, մասնավորապես Դանիելյան սուպերմարկետի հետևի մասում, հուշարձանի դիմացի մայթին և Վեգա էլեկտրոնիկայի խանութի դիմացի մայթին, պանելային շենքերի մոտ:
Թղթի համար նախատեսված 16 թափոն-ամանները տեղադրել ենք Spitaki դպրոցներում, մի քանի պետական և ոչ պետական կառույցներում և գրասենյակներում:
Թղթի համար նախատեսված աղբամանները տեղադրելուց առաջ մենք կատարել ենք իրազեկում բոլոր կրթական հաստատություններում:
Բավարար քանակությամբ հավաքվելուց հետո թուղթը և պլաստիկը կուղարկվեն վերամշակման:
Անչափ շնորհակալ ենք Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին, առանց որի անհնար կլիներ կյանքի կոչել մեր գաղափարը»: