Միջոցառումներ, Ռեսուրս

2014 թ. Մայիսի 10-ին մի խումբ երիտասարդ ակտիվներ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի հետ միասին, Սպիտակի քաղաքային հրապարակում իրականացրեցին «Ոչ ատելության խոսքին» իրազեկման ակցիան:
Իրազեկման ակցիայի նպատակն էր հասարակությանը տեղեկացնել ինտերնետում տեղ գտած ատելության խոսքի մասին: Ներկայումս ինտերնետից օգտվողները, մասնավորապես՝ երիտասարդները, իրավունք ունեն ընկալել իրենց օնլայն փոխազդեցությունները ՝ որպես խոսքի և տեղեկատվության ազատություն:
Իրականությունը մեզ ասում է, որ ինտերնետային աշխարհը տարածություն է, որտեղ մարդու իրավունքների արժեքները հաճախ անտեսվում կամ խախտվում են: Այլ խոսքերով, առցանց ատելության խոսքը դարձել է մարդու իրավունքների ոտնահարման հիմնական ձև, ինչը շատ լուրջ հետևանքներ է ունենում ինչպես ինտերնետից օգտվող, այնպես էլ դրանից չօգտվող մարդկանց համար։
Ենթադրվում է, որ երիտասարդներն են հանդես գալիս որպես զոհ, թիրախ, ակտիվ և պասիվ գործակալներ, ակայն ատելության խոսքը ազդում է ամբողջ հասարակության վրա: Այսպիսով, մենք որոշեցինք մեր քաղաքացիներին տեղյակ պահել այս ամենի մասին: «ՈՉ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻՆ» իրազեկման ակցիային ներկա էին 15-25 տարեկան 15 երիտասարդներ, որոնք ակտիվ ինտերնետ օգտագործողներ են և պարբերաբար մեկնաբանություններ են գրում ինտերնետի ցանկացած նյութի վերաբերյալ:
Նրանք տխուր դիմակներ և պաստառներ էին կրում: Ժամանակ առ ժամանակ յուրաքանչյուրի պաստառի վրա իր անձին վերաբերող քննադատական և վիրավորական արտահայտություններ էին գրվում: Հետո, պաստառների վրա գրված բացասական մեկնաբանությունները փոխարինվեցին բառի և խոսքի ուժի մասին թևավոր խոսքերով և ասացվածքներով:
Այդ ընթացքում մասնակիցների տխուր դիմակները փոխարինվեցին զվարճալի դիմակներով: Վերջում մասնակիցները ֆլեշմոբ անցկացրեցին`յուրաքանչյուր մասնակից մի տառ էր պահել իր ձեռքում և միասին կազմել էին “ NO HATE SPEECH ” արտահայտությունը: Քարոզարշավի ավարտին մասնակիցները նկարեցին NO HATE- ի խորհրդանիշ սիրտը` կարմիր, սրտաձև փուչիկներ պահելով իրենց ձեռքում: Այնուհետև փուչիկները բաժանվեցին անցորդներին: Այսպիսով, հարյուրից ավելի քաղաքացիներ տեղեկացվեցին ատելության խոսքի բացասական հետևանքների մասին: