SPITAK HELSINKI GROUP HUMAN RIGHTS NGO



Ճանաչողական այցով «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում էին Սպիտակի թիվ 2 դպրոցի 9 Ա դասարանի մի խումբ աշակերտներ՝ հասարակագիտություն առարկայի ուսուցչուհի Լիանա Մանուկյանի և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Դավթյանի ուղեկցությամբ։
Կազմակերպության իրավախորհրդատու Արևիկ Պետրոսյանը ներկայացրեց կազմակերպության ստեղծման պատմությունը, խոսեց նպատակներից ու պատասխանեց աշակերտների հարցերին։
Աշակերտների հարցերի շրջանակը լայն էր․ նրանք հիմնականում հետաքրքրված էին կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցերով, կանանց ու երեխաների իրավունքներով ու դրանց խախտման դեպքերում գործող իրավական կարգավորուներով, նաև նրանց շահերը պաշտպանող կառույցների գործունեությամբ։
Ո՞ւր կարող է դիմել կինը կամ երեխան, եթե խախտվել են նրա իրավունքները կամ նա ենթարկվել է բռնության։ Խոսվեց նաև բռնության տեսակներից, որոնց մասին, հաճախ անգամ ուսուցիչները տեղեկացված չեն։ Դրանք են սեռական, ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական բռնությունը և անտեսումը։
Արևիկ Պետրոսյանը հատկապես ուսուցիչների ուշադրությունը հրավիրեց հանգամանքին, որ եթե ուսուցիչը նկատում է, որ երեխան դպրոց է եկել բռնության ակնհայտ հետքերով, պարտավոր է անմիջապես այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին, նաև ահազանգել երեխաների իրավունքներով զբաղվող կառույցներին։
Անդրադարձ եղավ նաև համայնքներում գործող Հոգաբարձության և խնամակալության մարմինների աշխատանքին։ Աշակերտները իրազեկվեցին, որ երեխաները ևս կարող են դիմել այդ մարմնին՝ եթե ընտանիքում խախտվել են իրենց իրավունքները։
Երեխաների իրավունքների համատեքստում անդրադարձ եղավ «Գիքորը» պատմվածքին։ Արդյո՞ք Գիքորը բռնության ու աշխատանքային թրաֆիքինգի զոհ էր ու ի՞նչ տեսակի բռնությունների էր ենթարկվել։ «Երեխան ծնողի պատասխանատվության տակ է, բայց դա չի նշանակում, որ նա ծնողի սեփականությունն է»,- ասաց Արևիկ Պետրոսյանը։
«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ իրավախորհրդատու Արևիկ Պետրոսյանը ներկայացրեց նաև Safe You հավելվածը՝ որպես բռնության կանխարգելման թվային բազմաֆունկցիոնալ ու արդյունավետ հարթակ, որի շնորհիվ բռնության բազմաթիվ դեպքեր են գրանցվում ու կանխվում։


If you like the work we have done and would like to support us in expanding our practice, you can make a voluntary donation.