SPITAK HELSINKI GROUP HUMAN RIGHTS NGO



Երեխաների նկատմամբ արշավը սթափեցնող հիշեցում է այն մասին, որ ողջ աշխարհում յուրաքանչյուր 5 աղջկանից մեկը և յուրաքանչյուր 7 տղայից մեկը մինչև 18 տարեկան դառնալը ենթարկվում է սեռական շահագործման կամ սեռական բռնության։ Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի մեծանալու բռնությունից զերծ և արժանապատիվ միջավայրում։ Ոչ մի երեխա չպետք է անտեսված կամ անմասն մնա։
Երեխաների սեռական շահագործումը և սեռական բռնությունը կարող են տեղի ունենալ տանը, դպրոցում, արտադպրոցական միջոցառումների ժամանակ, փողոցում, հեռախոսով, վեբ-տեսախցիկի միջոցով կամ առհասարակ՝ առցանց տիրույթում։ Դեպքերի մեծ մասում դրանք իրականացվում են երեխային ծանոթ մեկի՝ նրա վստահության շրջանակում գտնվող անձի կողմից և անդառնալի վնաս հասցնում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը՝ ազդելով նրա ողջ կյանքի վրա։ Դեպքերի ճնշող մեծամասնության մասին ոստիկանությանը չի հաղորդվում։
Հասարակությունը պարտավոր է կանխել նման հանցագործությունները, պատասխանատվության ենթարկել հանցագործներին և պաշտպանել տուժողներին։ Մենք կրում ենք հավաքական պատասխանատվություն՝ բացահայտելու այդ դեպքերը և գործնական քայլեր ձեռնարկելու իրավիճակը շտկելու ուղղությամբ։ 2015 թվականին՝ որպես երեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ պայքարին ուղղված «Հինգից մեկը» (ONE in FIVE) արշավի շարունակություն, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն նոյեմբերի 18-ը հռչակեց Երեխաների՝ սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանության եվրոպական օր (#EndChildSexualAbuseDay)։ 2022 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունը նոյեմբերի 18-ը ճանաչեց որպես Երեխաների սեռական շահագործման, բռնության և չարաշահման կանխարգելման ու դրանց հետևանքների հաղթահարման համաշխարհային օր։ Այդ ժամանակվանից ի վեր նոյեմբերի 18-ը ողջ աշխարհում նշվում է որպես Երեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ պայքարի օր։
Ամեն տարի՝ նոյեմբերի 18-ին Եվրոպայի խորհուրդն իր գործընկերներին հրավիրում է կենտրոնանալ որևէ թեմայի վրա։ 2026 թվականի թեման է՝ «Երեխաների նկատմամբ սեռական բռնության մասին լրատվամիջոցների էթիկական լուսաբանումը»։
Սա նաև կոչ է բոլորին՝ մեր ներդրումն ունենալու երեխաների պաշտպանության գործում։ Ամուր օրենսդրությունը, արդյունավետ պաշտպանության համակարգերը, բաց երկխոսությունը և ակտիվ համերաշխությունը կարևոր նախապայմաններ են երեխաներին բռնությունից և շահագործումից պաշտպանելու համար։


If you like the work we have done and would like to support us in expanding our practice, you can make a voluntary donation.