SPITAK HELSINKI GROUP HUMAN RIGHTS NGO



2026 թվականի փետրվարի 25-ին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ արտ-թերապևտիկ հանդիպում՝ «Մոտիվացիայի բացահայտում արտթերապիայի միջոցով» խորագրով՝ ԵՄ աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում՝ միտված ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների իրազեկմանը։
Մասնակիցները Լոռու մարզում բնակվող և Լեռնային Ղարաբաղից տեղահանված շուրջ տասը կանայք էին։ Հանդիպումը վարում էր նկարչուհի Աննա Թորոսյանը։ Նա կանանց հորդորեց կենտրոնանալ իրենց ուժեղ կողմերի վրա և ցանկացած դժվարին իրավիճակից ելքեր փնտրել նաև գույների միջոցով։ Բացի նկարելը, կանայք նաև միմյանց հետ շփվելու հնարավորություն ունեցան, կիսվեցին իրենց փորձով՝ ինչպես են հաղթահարում դժվարությունները, ինչ է հարկավոր ձեռքբերումները պահպանելու համար։
Կանայք լիարժեքորեն ընկղմվեցին գույների աշխարհում, լիցքաթափվեցին ու բացահայտեցին՝ ինչն է իրենց ուժ տալիս ու մոտիվացնում, ինչից են ներշնչվում ու երազանքներ գծում։ Լիցքաթափող երաժշտության հնչյունների ներքո նրանցից յուրաքանչյուրը ուրվագծեց այն խորհրդանշական անտառը, որն իր ուժի աղբյուրն է։
Մասնակից կանանցից շատերի նկարներում ծառերը վառ ու կենդանի գունավորումներ ունեին, լավատեսական ու մոտիվացնող։
Մասնակիցներից Նարինե Շիրոյանը կիսվեց սեփական հույզերով ու թղթին հանձնած գույների մեկնաբանությամբ, թե ինչն է մոտիվացնում ու բերում ինքնաճանաչման։ Ենթագիտակցորեն հայտնվել էր տարիներ առաջ արտերկրում այցելած կանաչ միջավայր, ուր տեսած ծառերն էլ հանձնել թղթին․ «Դրանք, ասաց, այնքան տպավորիչ էին, հյութեղ կանաչ որ մինչ օրս հիշում եմ»։
Աննա Թորոսյանի խոսքով՝արտթերապիան սեփական ներաշխարհը բացահայտելու և վերլուծելու հզոր միջոցներից մեկն է, որ նաև ներքին հաղորդակցություն է ձևավորում սեփական «ես»-ի հետ: Արվեստի միջոցով թերապիան յուրաքանչյուրի վրա յուրովի է ազդում․ «Մարդիկ կան՝ ընթերցանությունն է իրենցը, ոմանց համար՝ նկարչությունը, թատրոնն ու հեքիաթը։ Միավորողը, սակայն, էմոցիաների կառավարումն է, դեպի դրական հուն տանելը։ Հոգու գույները թղթին հանձնելով՝ շատերն են հաղթահարում ներքին վախերն ու կարծրատիպերը»։
**************************************************
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից:
Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։


If you like the work we have done and would like to support us in expanding our practice, you can make a voluntary donation.