«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն



2025թ․-ի մարտ-հուլիս ամիսներին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն Լոռու մարզում իրականացրել է հետազոտություն՝ ուղղված կանանց հիմնախնդիրների բացահայտմանը և ամփոփել զեկույցում։
Հետազոտության նպատակ էր վեր հանել Լոռու մարզի կանանց կարիքները՝ առաջնորդվելով մարդու իրավունքների, գենդերային հավասարության և ներառականության սկզբունքներով: Հետազոտության մեջ ընդհանուր առմամբ ներգրավվել են 491 կանայք՝ մարզի Ալավերդի, Թումանյան, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Տաշիր համայնքներից։
Հետազոտության հեղինակ, գենդերային և սոցիալական ներառման փորձագետ Սոնա Գրիգորյանի դիտարկմամբ լոռեցի կանայք խնդիրների են բախվում մասնավորապես՝ կրթության, աշխատանքի և զբաղվածության, առողջապահության, գենդերային հիմնախնդիրների, արտակարգ իրավիճակներին արձագանքման, քաղաքական մասնակցության և առաջնորդության ոլորտներում:
Սոցիալ-տնտեսական հնարավորությունների բացակայությունը, աշխատատեղերի պակասն և մշակութային կարծրատիպերը, հատկապես` գյուղական համայնքներում, շարունակում են խոչընդոտել կանանց լիարժեք ինքնադրսևորմանն ու հանրային կյանքին մասնակցությանը։ Թեև կանանց կրթական մակարդակը հաճախ բարձր է, զբաղվածության ցուցանիշը մնում է ցածր, կանայք ուսումը կիսատ են թողնում հիմնականում ամուսնության կամ ֆինանսական դժվարությունների պատճառով և հետագայում, գրեթե, չեն վերադառնում ուսումնական գործընթացին։ Հարցման մասնակից կանանց խոսքով՝ առողջապահական ծառայությունները իրենց բնակության վայրում մատչելի են։ Բավարար չեն նաև դրանց որակը, հասանելիության պայմանները և նպատակային ծրագրերի ծավալը՝ համայնքի կանանց բազմաբնույթ կարիքները հոգալու համար՝ հատկապես գյուղական բնակավայրերում,
Ուշագրավ է, որ թեև կանայք կարևորում են իրենց ձայնը քաղաքականության մեջ, բայց մարզում կանանց քաղաքական ներգրավվածությունը դեռևս սահմանափակ է, հատկապես` որոշում կայացնողների մակարդակում /համայնքի ղեկավար/, որտեղ հիմնականում տղամարդիկ են ներկայացված՝ ասում է Սոնա Գրիգորյանը։ Թեև կանայք օգտվում են քվոտայով սահմանված հնարավորություններից, նրանց քաղաքական մասնակցության և կանանց հիմնախնդիրների օրակարգն առաջ տանելը, բովանդակային և ակտիվ մասնակցությունը հաճախ կասկածի տակ է դրվում, անգամ ավագանու անդամության մակարդակով․ «Հակասությունը վերաբերում էր նրան, որ մի կողմից կանայք միտված չեն գնալ քաղաքական որոշումների կայացման պրոցեսներին ներգրավելու, մասնակցելու և խորը հարցազրույցի ժամանակ էլ խոսում էին դրա մասին, որ իրենք իրենց մերձավորներին, իրենց շրջապատի կանանց խորհուրդ չեն տա մտնել քաղաքականություն, բայց միաժամանակ հարցումներից դուրս էր գալիս մի իրավիճակ, մի պատկեր, որ իրենք տեղեկացված են, թե ինչքանով են կանայք լսելի, ինչքանով է կանանց ձայնը լսելի հասարակական-քաղաքական կյանքում ինչ - որ բան փոխելու առումով։ Եթե դու չես մասնակցում, դու ի՞նչ գիտես, այդ կինը, որ ավագանու անդամ է, ինչքանով է իր կամ քո օրակարգը առաջ տանում»։
Ըստ հետազոտության՝ ամենաշատը խտրական վերաբերմունքի արժանանում են ամուսնալուծված կանայք։ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ նախագահ Աշխեն Բաբայանի դիտարկմամբ՝ թե 2017թ․-ի, թե 2025-ի զեկույցներում այրի և ամուսնալուծված կանանց` 2-րդ ամուսնության ցանկությունը պարսավելի է համարվել։ Ցավալի է արձանագրել, որ 8 տարվա ընթացքում այս առումով վերաբերմունքը չի փոխվել: Սրան զուգահեռ, կանայք, ավելի տեղեկացված են դարձել ընտանեկան բռնությունների մասին ու չեն խուսափում բարձրաձայնելուց, թեև, եղել են համայնքներ, ուր մոտեցումը խնդրին կարծրատիպային է․ «Հիմա արդեն գործում է ընտանեկան բռնության մասին օրենքը, նաև շատ աջակցման կենտրոններ կան մարզում։ Երբ մեր կազմակերպությունը վեր հանեց, որ մարդիկ չգիտեն ընտանեկան, գենդերային բռնության մասին, այս 8 տարիների ընթացքում շատ դասընթացներ, սեմինարներ, հանդիպումներ են կազմակերպել։ Հիմա կարող ենք ասել, որ մարդիկ արդեն տեղյակ են ընտանեկան բռնության տեսակների ու կանխարգելման մեխանիզմների մասին, թեև եղել են համայնքներ, որտեղից քինչ մասնակցություն եք հավաքել։ Մեր համար ամենափակ համայնքը Տաշիր համայնքն է, որտեղ մարդիկ խուսափում են խոսել այդ խնդիրներից, կարծրատիպային մտածելակերպ կա»։
Կանանց շրջանում պակաս է տեղեկացվածությունը գենդերային հիմնահարցերի շուրջ և շատ հաճախ «գենդեր» եզրույթը նույնացվում է ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ինչ վերաբերում է վերջիններիս, ըստ հետազոտության, նրանք փորձում են իրենց աննկատ պահել՝ բացասական վերաբերմունքի հետ առերեսվելուց խուսափելու համար։
Նկատելի դրական վերաբերմունք է դրսևորվել Արցախից տեղահանվածների և ազգային փոքրամասնությունների հանդեպ, իսկ ահա հաշմանդամություն ունեցող կանանց հանդեպ վերաբերմունքը տարբեր է՝ զգայունից, անտարբերությունից մինչև ծայրահեղ ոչ զգայուն և խտրական։
Սոնա Գրիգորյանի խոսքով ցածր կրթական ցենզ ունեցող կանայք ավելի հաճախ են ընտանեկան բռնության ենթարկվում։ Խնդիրը ոչ միայն տնտեսական կախվածության, այլև սեփական իրավունքների և պաշտպանության մեխանիզմների մասին ոչ բավարար տեղեկացվածության հետևանք է։
Սրան զուգահեռ ուրախալի է փաստը, որ ֆոկուս խմբային քննարկումների ժամանակ բազմաթիվ կանայք անկաշկանդ խոսել են սեռական ոտնձգությունների մասին, ինչ, սովորաբար, խորը հարցազրույցների ժամանակ է լինում․ «Խմբի առաջ ներկայացնում էին, ինձ համար դա շատ զարմանալի և ուրախալի էր։ Ես դա դրական եմ գնահատում։ Կանայք այնքան են ուժեղացել, համարձակվում են արդեն դրա մասին բարձրաձայնել»Հետազոտության մեջ ներառված առաջարկների հեղինակները հենց մասնակից կանայք են։ Այսկերպ հետազոտության հեղինակները նպատակ ունեն ոչ միայն արձանագրելու առկա մարտահրավերները, այլև նպաստելու կանանց իրավունքների և հնարավորությունների պաշտպանությանը՝ քաղաքական, հանրային և ինստիտուցիոնալ փոփոխությունները խթանելու միջոցով։


Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն