Հոկտեմբերի 26-ին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ էին այցելել ԵՄ նորանշանակ դեսպան Անդրեա Վիկտորինը և պատվիրակության ներկայացուցիչներ: Այցի նպատակն էր ծանոթանալ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքին և արդյունքներին:
Հյուրերը ՀԿ-ի անձնակազմի և ծրագրի շահառու կանանց հետ ունեցան հետաքրքիր զրույց:
Կազմակերպության նախագահ Աշխեն Բաբայանը ներկայացրեց կազմակերպության և վերջինիս նորաստեղծ «ՍՊԻՏԱԿ ՄԱՆՈՒՇԱԿ» սոցիալական ձեռնարկության գործունեությունը և խոսեց առաջիկայում ունեցած պլանների մասին:
«ՍՊԻՏԱԿ ՄԱՆՈՒՇԱԿ» ՍՁ-ն հիմնադրվել է «ԵՄ-ն կանանց համար. տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության համաֆինանսավորմամբ՝ Մերձավոր Արևելքի Հիմնադրամի և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի կողմից: Նշված ծրագիրը նպատակ ունի կայունացնել քաղաքացիական հասարակության կառույցների ֆինանսական ռեսուրսները՝ բարելավելով վերջիններիս բիզնես մոդելները և զարգացնելով սոցիալական ձեռնարկություններ: Ծրագրի 12 շահառու կազմակերպություններից մեկը «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն է, որը ծրագրի աջակցությամբ հիմնադրել է «ՍՊԻՏԱԿ ՄԱՆՈՒՇԱԿ» սոցիալական ձեռնարկությունը:
Մերձավոր Արևելքի Հիմնադրամի կողմից «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ին տրամադրվել է մասնագիտական վերապատրաստում՝ բիզնես գործառույթներին տիրապետելու և բիզնես վարելու ուղղությամբ, ինչը նպաստում է ՀԿ-ի աշխատանքին՝ ուղղված խոցելի խմբերի կանանց տնտեսական հզորացմանը:
Ձեռնարկությունն իրականացնելու է յուղերի արտադրություն՝ տեղական խոտաբույսերից ստացվող, և նախնական արտադրական աշխատանքներում ներգրավված են 5 կանայք: Հետագայում ծրագիրը ընդլայնվելու է և ներառելու շուրջ 50 կին:
Ծրագրում ներգրավված են նաև Սպիտակի խնամքի տան կանայք, ովքեր ապահովելու են տուփերի ձևավորումը:

Հանդիպմանը մասնակցում էին նաև կանայք, ովքեր նախկինում աջակցություն էին ստացել Եվրոպական միության կողմից և հիմնել իրենց սեփական բիզնեսը՝ Մերձավոր արևելքի հիմնադրամի կողմից իրականացված ծրագրի շրջանակում։ Կանայք ներկայացրեցին իրենց հաջողության պատմությունները:

*ԵՄ աջակցությամբ «ՍՀԽ» ՀԿ-ն իրականացրել է նաև մի քանի ծրագիր, որոնցից են «Առողջ մարմին իրազեկ մտքում» (Վեր են հանվել Սպիտակ քաղաքի առողջապահութան ոլորտի խնդիրները, որոնք համախմբվել են նույնանուն զեկույցի մեջ), «Ընտանեկան բռնության ազդեցությունը երեխայի կրթության որակի վրա» (կրկին բացահայտվել են ոլորտի խնդիրները և կազմվել է զեկույց):