«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

Մեդիան և մենք

«Եթե ընտանիքում չկա փոխադարձ հարգանք, բռնության շղթան պիտի կտրվի»․ Աննա Գալստյան

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 24-ին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում «Տաբու» առցանց հաղորդաշարի հեղինակ և վարող Աննա Գալստյանի հետ։ Հանդիպումն անցկացվեց «Ընտանեկան բռնություն. տաբուներ և կարծրատիպեր» խորագրի ներքո՝ միտված ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների իրազեկմանը։

Մասնակցում էին Լոռու մարզում բնակվող և Լեռնային Ղարաբաղից տեղահանված  կանայք, ինչպես նաև Սպիտակ համայնքի Լեռնանցք բնակավայրի հիմնական դպրոցի 11-րդ դասարանի մի խումբ աշակերտուհիներ՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Անահիտ Գրիգորյանի, ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Անուշ Միրզոյանի և կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգող Անի Խաչատրյանի ուղեկցությամբ։ 

 

Աննա Գալստյանը նրանց հետ կիսվեց իր անձնական փորձին վերաբերող մանրամասներով, խոսեց հոգեբանական բռնության դեպքերից, որոնց ինքն է բախվել և հորդորեց կանանց ու, հատկապես, բարձր դասարանցի աղջիկներին գիտակցաբար մոտենալ ապագա ընտրությանը՝ հետագա խնդիրներից ու հնարավոր բռնության դեպքերից զերծ մնալու նպատակով։

 

«Հենց այդ նպատակով էլ սկսել եմ իմ հաղորդաշարը․ ընտանեկան բռնության խնդրի մասին իրազեկումը բարձրացնելու համար,- ասաց Աննա Գալստյանը և միաժամանակ ընդգծեց, որ ինքը փորձում է հաղորդման միջոցով ջատագովել ամուր ընտանիքների գաղափարը, որտեղ կա փոխադարձ հարգանք և սեր։

 

«Եթե ձեր երեխաները տեսնում են, ինչպես է ձեր ամուսինը նրանց աչքի առաջ նվաստացնում ձեզ ու կիրառում բռնության տարբեր տեսակներ, հավատացեք, ձեր երեխաները մեծանալու են տրավմաներով ու ոչ երջանիկ միջավայրում։ Եթե ընտանիքում չկա փոխադարձ հարգանք, բռնության շղթան պիտի կտրվի»,-ասաց «Տաբու» հաղորդաշարի հեղինակը։

 

Բարձր դասարանի աշակերտուհիները հետաքրքրվեցին Աննա Գալստյանից՝ ինչպես է կարողացել հաղթահարել ամուսնալուծության ընթացքը, ճնշված հոգեվիճակն ու ոտքի կանգնեցնել երկու երեխաներին։

 

Յուրաքանչյուր դժվարին իրավիճակում չկոտրվել ու մտածել սեփական անձնային աճի մասին՝ Աննա Գալստյանի խորհուրդն էր։ Նա հիշատակեց հայ կանանց, որոնք միշտ ուժեղ ու իմաստուն են եղել ու կարողացել  պատվով դուրս գալ ճակատագրական իրավիճակներից։

 Հանդիպումն անցավ ակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում։ «Իմ հաղորդմանը հյուրընկալված կանայք ուժեղ կանայք են, ովքեր չնայած կյանքի հարվածներին կարողացել են դիմակայել, որովհետև կարևորել են իրենց արժանապատվությունն ու «ես»-ը,-հանդիպման ավարտին եզրափակեց Աննա Գալստյանը:

 

**********************************

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից:

 

Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։

  

 

Դու կարող ես օգնել մեզ

Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն

❤️ Donate