«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն



«Վիզուալ Հայաստան» հիմնադրամի կողմից ստեղծված «Աշխարհացույց» կրթական նախաձեռնության շրջանակներում Սպիտակի Շարլ Ազնավուրի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների մի խումբ աշակերտներ հյուրընկալվել էին «Սպիտակ մանուշակ» սոցիալական ձեռնարկության արտադրամասում։
««Աշխարհացույց» կրթական նախաձեռնության շրջանակներում մեր աշակերտները բնապահպանական-հետազոտական աշխատանք են իրականացնում՝ «Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան․ դեղաբույսերի աշխարհը և բնական դեղատան գաղտնիքները» խորագրով։ Այն նվիրված է Կարմիր գրքում գրանցված և ոչնչացման եզրին հայտնված բուսատեսակների մասին իրազեկության բարձրացմանը։ Ուսումնասիրում են հայկական բնաշխարհին հատուկ դեղաբույսերը, անհետացող տեսակները, փորձում զանազան հանդիպումների միջոցով իրազեկել այդ բույսերի կարևորության մասին»,- ասաց հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Անահիտ Ռաֆունցը, ում ուղեկցությամբ էլ եկել էին աշակերտները։
Ուսումնասիրում են հայկական դեղաբույսերի աշխարհն ու բնական դեղատան գաղտնիքները, ինչ դեղաբույսեր կան, որոնք գտնվում են անհետացման եզրին, ինչու է կարևոր դրանց նկատմամբ խնամքով վերաբերմունքն ու պահպանությունը։
«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ նախագահը Աշխեն Բաբայանը աշակերտներին ծանոթացրեց արտադրամասի գործունեությանը՝ նշելով, որ այն հիմնվել է կազմակերպության կողմից՝ նպատակ ունենալով զբաղվածություն ստեղծել սպիտակցի կանանց համար։
Տեղեկանալով, որ «Սպիտակ մանուշակ»-ը տեղական հումքից է պատրաստում բնական յուղերը, աշակերտները սկսեցին հետաքրքրվել՝ թե հատկապես ինչ դեղաբույսերից են դրանք պատրաստվում, ծանոթացան տեսականուն։
Աշխեն Բաբայանի խոսքով՝ աշակերտները «շատ տպավորված էին։ Նրանցից շատերն անգամ չգիտեին, որ Սպիտակի տարածաշրջանը հարուստ է դեղաբույսերով և դրանցից հնարավոր է նման արժեքավոր յուղեր ստանալ»։
Երեխաները ծանոթացան «Սպիտակ մանուշակ»-ի տեսականուն և այն բույսերին, որոնցից պատրաստվում են բնական յուղերը։ Նրանց խոսքով՝ եթե օրինակ, երիցուկն անհետացման եզրին չէ, ապա նարդոսը՝ լավանդան, որից ևս յուղեր են պատրաստվում այստեղ, քիչ տարածվածություն ունի, մինչդեռ վերջինիս օգտակար հատկությունները շատ ավելի են։ Իսկ,ահա, ուրցը, անխնա օգտագործման հետևանքով, հայտնվել է անհետացման եզրին։
Անահիտ Ռաֆունցը, խոսելով «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի «Աշխարհացույց» կրթական նախաձեռնության շրջանակներում տարվող այս հետազոտական նախագծի մասին, նկատեց, որ նպատակ ունեն բարձրացնել իրազեկությունը երեխաների շրջանում։ «Նրանք պետք է տեղյակ լինեն, որ բույսերի սակավանալը ոչ միշտ է պայմանավորված հողային կամ եղանակային պայմաններով, այլ ուղղակի անխնա օգտագործման հետևանք է։ Եթե մենք պետք է օգտագործենք բնությունից 70/30 հարաբերակցությամբ, մենք ամբողջն ենք վերցնում՝ անկախ նրանից, դա մեզ պետք է, թե ոչ։ Վաղ տարիքից է պետք երեխաների մեջ ձևավորել բնության հանդեպ խնայող ու հոգատար վերաբերմունք»։


Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն