«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն



Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում 2026-ի տարեսկիզբն ազդարարվեց մոտիվացնող ու ջերմ հանդիպմամբ՝ հաջողակ կին գործարար, «ԼուսիաՖուդ» ընկերության հիմնադիր Լուսինե Բարաթյանի հետ։
Մասնակիցները Լոռու մարզում բնակվող և Լեռնային Ղարաբաղից տեղահանված տասից ավելի կանայք էին, որոնք հնարավորություն ունեցան լսելու Լուսինե Բարաթյանի կյանքի ու բիզնես-գործունեության դժվարին ու խոչընդոտներով լի պատմությունը, ապա ունեցան անմիջական հարցուպատասխան։
«Հայրական տատիս եմ գցել․ սիրում էի խոհանոցը, մայրիկս ինձ խոհանոցից միշտ դուրս էր անում՝ կիրթ աղջիկ ես, խոհանոցը քո ի՞նչ բանն է, բայց արի ու տես, որ խոհանոցի հանդեպ սերը դարձավ բանալի՝ դեպի հաջողակ բիզնես»,- ասաց Լուսինեն։
Հորդորեց կանանց՝ շարունակել կատարելագործել իրենց շնորհները, երբեք չթաքցնել դրանք, այլ վերածել հնարավորության ու շարունակ ինքնակրթվել։
Կանանցից յուրաքանչյուրն իր համար բացահայտեց այն առանցքային սկզբունքները, որոնք կարևոր են՝ հաջողակ գործարար դառնալու ճանապարհին, նաև ներկայացրին իրենց բիզնես մտքերն ու գաղափարները, որոնց շուրջ ևս ծավալվեց ակտիվ հարցուպատասխան։
«Միգուցե թվա, որ իմ հաջողության ճանապարհը երկար եմ անցել, բայց իմ նպատակը եղել է ոչ թե գերշահույթ ստանալը, այլ արժեք ստեղծելը»,- ասաց Լուսինե Բարաթյանը։
Հանդիպման ավարտին նա կիսվեց նաև խորհուրդներով․ երբեք չկոտրվել խոչընդոտներից, հավատալ սեփական ուժերին և յուրաքանչյուր դժվարություն վերածելով մոտիվացիայի՝ հստակ քայլերով գնալ երազանքի ետևից, իսկ որ ամենակարևորն է՝ սիրել ու գնահատել սեփական անձը, ամեն օրն սկսել մոտիվացված ու արժեք ստեղծելու մղումով։
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից:
Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։


Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն